ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ազատության հրապարակը հանձնվեց պատմությանը

Ազատության հրապարակը հանձնվեց պատմությանը
29.04.2018 | 23:37

Շատ աշխատանքային կիրակի ստացվեց երեկ: Հեղափոխությունը կիրակիներ չունի: Դեռ շաբաթ օրը պարզ էր, որ ԱԺ երեք խմբակցությունները մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:


ՀՅԴ-ն հայտարարեց. «Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»: Գագիկ Ծառուկյանը մինի հարցազրույց տվեց ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությանը և հայտարարեց. «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այլ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետի թեկնածու։ «Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդը ոտքի կանգնեց, երիտասարդությունը ոտքի կանգնեց: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն»` բացատրեց Ծառուկյանը` հիմնավորելով, որ իրենց դիրքորոշումն այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հաղթանակը ժողովրդինն է: «Այլ կերպ չի կարող լինել, որևէ մեկը բարոյական իրավունք չունի հաղթանակն իր վրա վերցնելու: Իմ ամբողջ թիմն իր ձայնը տալու է ժողովրդի թեկնածուին: Ժողովրդի թեկնածուն Սասունը, Արարատը, թե Նիկոլը կլինի, մենք նրան են ընտրելու: Մենք թեկնածու չենք առաջադրի»,-ասաց նա: ՀՀԿ-ն ՙհանձնվեց՚ վերջինը` «Եթե ԱԺ 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա»` հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ խմբակցությունում «կա այդպիսի կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը ՀՀ վարչապետ»: «Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն կարծում եմ որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի այդ մասին», - ընդգծեց նա: Այսօր «Ելք» խմբակցությունը նիստ կհրավիրի և կառաջադրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու:
Երեկ օրավարտին Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ավտոարշավը մարզեր ու քաղաքացիական անհնազանդության գործողությունները դադարեցրեց մինչև ժամը 17-ին Նժդեհի հրապարակում հանդիպելն ու Հանրապետության հրապարակ գալը երթով:


Փաստացի`
1. Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ազատության հրապարակը հանձնվեց պատմությանը, իշխանափոխությունը ունի նոր հասցե` Հանրապետության հրապարակ: Ինչ ուզում եք արեք` Ալեքսանդր Թամանյանի շուրջն ենք պտտվում:
2. ՈՒսանողներն ապացուցեցին, որ ՀՀԿ-ն խորապես մոլորված էր բուհերի կուսակցականացման իր ծրագրերում և մի քանի օրում գործնականում բուհերն ապակուսակցականացվեցին, ավելի ստույգ` ապաՀՀԿականացվեցին, ինչը և պիտի լիներ ի սկզբանե: Հերթը դպրոցներինն է:
3. Իշխանափոխության համար Հայաստանում ցանկացած ընդդիմություն պետք է նախ բանտ ընկնի` թեկուզ մեկ օրով:
4. Վարչապետ ընտրվելը սկզբի սկիզբն է: Միանշանակ է, որ ՀՀԿ-ն իրավիճակային պարտություն է կրում և մարտավարություն, ոչ թե ռազմավարություն է փոխելու` փորձելով պահել իշխանությունը որտեղ ու որքան հնարավոր է: ՀՀԿ-ի համար նախընտրելի տարբերակը` չանել արտահերթ ընտրություններ ու մեկ տարի հանգիստ սպասել Նիկոլ Փաշինյանի ձախողվելուն: Ով-ով` ՀՀԿ-ն գիտի, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը և ինչ դժվարություններ ունեն վարչապետները:
5. Հարցերի հարցը` ի՞նչ ծրագիր է ներկայացնելու նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ի՞նչ կառավարություն է կազմելու: Շարունակելու՞ են նրան աջակցել քաղաքական ուժերը, ընդգրկվելու՞ են կառավարության կազմում «Ելք»-ի, ԲՀԿ-ի ՀՅԴ-ի անդամներ:
6. Առանցքայինը, իհարկե, առաջին փոխվարչապետի, պաշտպանության և ԱԳ նախարարների պորտֆելներն են: Այս նշանակումներից է կախված Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն ու բանակցային գործընթացի շարունակումը:
7. Հեղափոխության հաղթանակի գլխավոր հարցը` կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո, թե՞ իրադարձություններն այլ ընթացք կստանան:
Ի՞նչ երկիր կլինի մայիսյան Հայաստանը: Ժողովրդական, թավշե, ժպիտի հեղափոխության մակընթացությա՞ն, թե՞ փողոցներից աշխատասենյակներ տեղափոխվելուց հետո տեղատվության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2040-ին 4- միլիոնանոց Հայաստանի Սերժ Սարգսյանի ծրագիրը փայլուն կատարման հնարավորություն է ստանում, եթե ժպիտի հեղափոխությունը ստիպի իրենց քայլն անել Հայաստանից հեռացածներին: Ե՞րբ, եթե ոչ հիմա, պետք է հայրենիքը տեղում սիրել` հեռվից հեռու խորհուրդներ տալու փոխարեն: ՈՒղերձներ ու նամակներ գրելու փոխարեն:

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ